Wednesday, November 13, 2013

… ԱԿԱՆՋԸ ՀՈՒՄ Է ՄՆՈՒՄ

Ամենուր ցցուն հում ականջներ՝
Անտաշ, գռեհիկ ու պոռոտ,
Փշի պես լցվել են մեր չորսդին
Տիրելու, զավթելու կարոտ:

–Պարո՛ն, բաճկոնը ձեր հագի, ներեցե՛ք, ձեզ բնավ չի սազում,
Հոգ չէ թե որքան թանկարժեք,
Ձեր ով լինելն է ցայտուն։

Անդադար ընդհատակ տանող
Ձեր ճահիճը կաթցա է եռացող,
Ինչպե՞ս են ականջները ձեր հում
Գեհենի հրին դիմանում։

Ծածկել, քողարկել չի ստացվի՝
Ականջները ձեր շատ են ցցուն,
Թե բանաս բերանդ հանկարծ
Դատարկությունդ ի հայտ է գալու։

Պայքարելն իզուր է, անտեղին՝
Դուք ագրեսիվ էք դառնում,
Ձեզ անտեսել է պետք,
Ձեզ արհամարհանքն է սպանում։

Monday, March 18, 2013

ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻՆ ՍԲ. ՂԵՒՈՆԴԻ

Նվիրական գաղափարի,
Ճշմարտության, արդարության ու հավատքի
Քաջամարտիկ սուրբ մարտիրոս Ղեւոնդ Երեց,
Որ աներեր, հաստատակամ ու անվեհեր
Ավարայրից մինչեւ այսօր
Իր տիպարով ոգեշնչեց, առաջնորդեց բյուր սերունդներ,
Մեզ պատգամեց լինել ազնիվ ու պայքարող՝
Սկզբունքի, ազատ խոսքի, իրավունքի, վառ երազի,
Մեր դավանած համընդհանուր ու մարդկային արժեքների,
Ոչ թե լինել ճոռոմաբան ու զազրախոս, լոկ քարոզող կիրակնօրյա,
Այլ՝ հետեւող Տիրոջ խոսքի հանց ճշմարիտ քրիստոնյա՝
Միշտ կենդանի օրինակով զայն փաստելով մեր կյանքի մեջ ամենօրյա:
Որ չտրվենք սին պատրանաց, որոգայթող ու շլացնող մարդկան փառաց,
Հեղհեղուկ ու անհաստատ, դրամահոտ, պիղծ, լպրծուն
Մեզ անհարիր ու անվայել քաղաքական քծնող վարաց:
Պատգամն այդ սուրբ նույնն է այսօր եթե դեռ կա հույսը վաղվա,
Որ միշտ մնանք հավատարիմ ու սեր սփռենք երկրի վրա,
Որ ընդմեջեն մեր հայելիի Ավարայրի ոգին ցոլա,
Զորացնենք մեր եկեղեցին, սրբազան տունը Թորգոմա:

02.05.2013
Սան Ֆրանցիսկո